.

ԱՄՆ-ի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

.
.

Առաջին Լրատվականը գրում է. ԱՄՆ առևտրի նախարարությունը աշխարհի ավելի քան տասը երկրներում գործող մի շարք ընկերություններ ներառել է սև ցուցակում: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև երկու ընկերություն Հայաստանից՝ «Մարկել» ՓԲԸ-ն և Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրԿՄԳՀԻ): «ԵրԿՄԳՀԻ-ն ապրանքներ է ստացել ԱՄՆ Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից» և վերաարտահանել առանց անհրաժեշտ արտոնագրերի: Անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնեսով է զբաղվում իրանական կազմակերպության հետ, որը ներառված է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում»,- ասված է ԱՄՆ Դաշնային գրանցամատյանի կայքում հրապարակված փաստաթղթում: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում այսօրվանից:

.

Այսպիսով, ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցության մասին փորձագիտական կանխատեսումները առարկայանում են: Եվ խնդիրը հայկական երկու ընկերությունները կամ նրանց գործունեությունը չեն. խնդիրը փաստն է ինքնին, որ ի դեմս հայկական ընկերությունների՝ լայն իմաստով Հայաստանը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում: Ակնհայտ է, որ սա քաղաքական որոշման արդյունք է, որն ունենալու է հետագա քաղաքական հետևանքներ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում մշտապես գործել են ընկերություններ, որոնք տարբեր ձևաչափերով համագործակցել են իրանական կողմի հետ: ԱՄՆ-ը բնականաբար մշտապես տեղեկացված է եղել այդ մասին, սակայն դրան վերաբերվել է լոյալությամբ՝ հաշվի առնելով Իրանի նշանակությունը շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար: Այդ լոյալությունը կամ ամերիկյան լռությունը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների տվյալ փուլի արտահայտությունը և ինչ-որ իմաստով ԱՄՆ-ի անուղղակի աջակցությունը Հայաստանին: Այսօր, սակայն, իրողությունները փոխվել են, ԱՄՆ իշխանություններն արդեն «նկատում» են իրանական կողմի հետ հարաբերություններ ունեցող հայկական ընկերություններին: Իրավիճակի այս փոփոխության պատճառը, սակայն, արդեն պետք է փնտրել ոչ թե հայ-ամերիկյան, այլ հայ-ռուսական հարաբերությունների տիրույթում:

.

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ շրջադարձ չի լինելու, որ շարունակվելու է նախորդ իշխանության վարած արտաքին քաղաքականությունը: Հայտարարեց ու շարունակեց: Հայաստանն ավելի մխրճվեց ԵԱՏՄ կոչվող ակումբում, իսկ հայ-ռուսական հարաբերությունները նախկինի նման դարձան ռուսական շահի սպասարկման միջոց: Իսկ դրա ամենավառ վկայությունը դարձավ ռուսական մանդատի ներքո Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը, ինչին ԱՄՆ-ը շատ բացասաբար վերաբերվեց՝ պաշտոնապես ավելի զուսպ, փորձագիտական շրջանակների շուրթերով՝ ավելի անկեղծ արտահայտվելով, որ Հայաստանն այդպիսով աջակցում է Սիրիայում ԱՄՆ հակառակորդներ Ասադի ռեժիմին ու Ռուսաստանին: Հայաստանում, սակայն, որևէ մեկը լրջությամբ չվերաբերվեց այդ դիրքորոշումներին: Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ամերիկյան այցից հետո ԱՄՆ-ը կրճատեց Հայաստանին տրամադրվելիք օգնության չափը, իսկ Արցախի օգնությունը փաստացի կասեցվեց: Այս քայլերը ԱՄՆ-ի պատասխանն էին առաջին հերթին սիրիական արկածախնդրությանը Հայաստանի ներքաշմանը:

.

Եթե դրան գումարենք նաև Հայաստանում երբևէ կատարված ամենախոշոր ներդրման՝ «Ամուլսարի» նախագծի աշխատանքի դադարեցումը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա:

Ինչ քայլեր կհետևեն իրանական պատժամիջոցների ցուցակում հայկական ընկերությունների ներգրավմանը, ինչպիսի այլ փոփոխությունների կենթարկվի ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է, սակայն, որ վերը նշվածը պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար, հայ-ամերիկյան հարաբերությունների առողջացման ուղղությամբ հայկական կողմը պետք է շոշափելի քայլեր կատարի՝ իրավիճակը էլ ավելի չսրելու նպատակով:

.

Այս առումով չափազանց կարևոր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ամերիկյան այցը, որի օրակարգը դեռ չի հրապարակվել: Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի այդ այցի ընթացքում ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կազմակերպելու և հայ-ամերիկյան հարաբերություններում առաջացած կնճիռները հարթելու համար:

Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի նշանային քայլեր է արել հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված: Ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է հայ-ռուսական հումանիտար առաքելության գաղափարի մասին, ինչը մի քանի ամիս անց իրականություն է դարձել, ԱԺ-ում հանդիմանել է ԱՄՆ-ին հայկական հեղափոխությանը համարժեք չարձագանքելու համար, իսկ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած պետության ղեկավարն է:

Մանրամասները Սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.




.

.